Եթե գլուխ չես հանում սեփական ղեկավարներից
17.04.2020 | 01:14
Առիթներ են եղել հիշատակելու, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նկատմամբ չկա ատելության կամ զզվանքի զգացում: Նույնիսկ նրա ներկայիս «ոխերիմ» շատ հակառակորդներ հրապարակավ չեն խուսափում նշելուց նրա զգալի ծառայությունները ռուսաց պետության ամրապնդման ասպարեզում: Իսկ կորոնավիրուսի վերացման մաքառումներում Պուտինի դրսևորած եզակի ակտիվությունը նույնիսկ մոռացության մատնեց մարդկանց հոգնածությունը նրա կառավարման տևականության կապակցությամբ: Այս երկրում արդեն հաստատվել է այն համոզմունքը, որ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա նրա նկատմամբ առկա հարգալից վերաբերմունքը նրան լայն հնարավորություն կտա հաջորդ ընտրություններում հերթական անգամ գրավելու պետության բարձրագույն պաշտոնը:
Այս «խոհերի» համար առիթ ծառայեց անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը, ավելի ճիշտ՝ դրա հարուցած արձագանքները: Ընդդիմախոսները համաձայն չէին, որ կորոնավիրուսը ավելի վատն է, քան պատերազմը: Մարդիկ սարսուռով վերհիշեցին «մութ ու ցուրտ» օրերը: Բայց սա էլ չէր կարևորը: Շատերն էին արձանագրում, որ Տեր-Պետրոսյանի հիշատակած՝ հին ու նոր իշխանությունների միջև հաստատված ատելության ու թշնամանքի մթնոլորտի առկայությունը, դրանց ագրեսիվ քարոզչությունը «ավանդաբար» սկիզբ են առնում հենց անկախության առաջին տարիներից:
Բայց ահա բուռն մեկնաբանությունների մեջ առաջին պլան մղվեց նախկին նախագահների գործունեության հարցը: Հստակ առանձնանում է այն մտայնությունը, որ, ավա՜ղ, այս երեքից և ոչ մեկը այդպես էլ չարժանացավ սեփական ժողովրդի տարրական հարգանքին (չորրորդի մոտ ամեն ինչ դեռ առջևում է. սա իմ մասնավոր կարծիքն է): Ընդ որում, նշված երեքն էլ Հայաստանում իշխանության գլուխ եկան որպես ազգային հերոսներ: Բայց գահը թողեցին որպես եզակի չսիրված անձինք: Գիտեի՞ն նրանք իրենց կառավարման տարիներին, որ ժողովուրդը հակակրանք ունի իրենց նկատմամբ, որ աչքի փուշ են դարձել իրենց դոլարային անբավ հարստությունները: Սոված երկրում: Եվ առհասարակ, ինչու հայրենի քաղաքականագիտական միտքը չի պատասխանում այն հարցին, թե ինչի շնորհիվ կամ պատճառով է, որ հայոց «առաջնորդները» կառավարեցին երկիրը, ժողովրդական լեզվով ասած, ինչպես քեֆները տվեց, կատարելապես արհամարհելով հասարակական կարծիքը: Թքած՝ սիրում են իրենց, թե ատում: Եվ ինչու է հանդուրժում նրանց ժողովուրդը:
Եվ այս հենքի վրա առնվազն տարօրինակ են Պուտինի, Ռուսաստանի նկատմամբ նորատեսակ «ատելություն» քարոզելու ներհայաստանյան նկրտումները, հատկապես ներկա փուլում՝ գազի գնի բարձրացման հավանականության կապակցությամբ: Մեր հին ու նոր ազգային շատ անհաջողությունների մեջ բավականին հաճախ քավության նոխազ է դառնում Ռուսաստանը, մեր օրերում՝ Պուտինը: Ինչու ենք բազում մեղադրանքներ ներկայացնում վերջինիս, երբ ինքներս բոլորովին գլուխ չենք հանում մեր անզուգական ղեկավարներից: Գուցե ավելի անվնա՞ս է ուրիշին փնովելը: Ինչու՞ ենք անտեսում մեր անկարողությունը: Ա՜խ այդ «անշնորհակալ դաշնակիցը», որ բարձրացնում է գազի գինը, բարդացնելով առանց այն էլ անապահով մեր կյանքը: Վաղը-մյուս օրն էլ էլեկտրականության, զենքի գները վերելք կապրեն: Իսկ միգուցե համառության դեպքում խրոնիկ դառնան... «քառօրյա» պատերազմները: Առհասարակ կարո՞ղ եք մարդկության պատմության մեջ նշել մեկ գերտերություն կամ տերություն, որը հրեշտակ եղած լինի իրեն ենթակա փոքր (թույլ) պետության հանդեպ: ՈՒ՞մ համար է գաղտնիք, որ ամեն մի մեծ պետություն իր ազդեցության գոտում գտնվող պետության ճակատագիրը լուծում է գերազանցապես իր շահերի տեսանկյունից: Ռուսաստանը պարզապես բացառություն չէ: Եվ այստեղ կրկին հառնում է մեր ղեկավարների որակի հարցը. թող իմաստուն, հաշվենկատ, շրջահայաց, հայրենասեր լինեն նրանք լայն առումով մեր անվտանգությունն ապահովող դաշնակցի հետ, գործելով հօգուտ մեր ժողովրդի և պետության: Եվ ոչ թե ի նպաստ սեփական գրպանի:
Գիտեք, գնալով Պուտինն ավելի ու ավելի ընդգծված կայսերապաշտ է դառնում, ու պետք է հաշվի նստել այս պարագայի հետ: Ասվել է «Իրատեսում», որ ռուսաստանյան լրատվամիջոցներում, ու հատկապես ազգայնական բնույթի, հետևողականորեն զարգացվում է հետխորհրդային տարածքում նոր պետություն ստեղծելու գաղափարը, անշուշտ, Մոսկվայի առաջնորդությամբ: Ինչ կարգի, ինչ տարածքով, ինչ գաղափարախոսությամբ՝ առջևում է: Առայժմ շեշտը դրվում է նախկինների հետ տնտեսական սերտ համագործակցության զարգացման վրա: Կայսրության գաղափարը բնորոշ է ռուս մարդուն, էլ չենք խոսում ռուս մտավորականության մասին: Ես չգիտեմ, Հայաստանում հայտնի՞ էին վերջերս մահացած, բավականին ճանաչված ռուս գրող Էդուարդ Լիմոնովն ու նրա գրական ժառանգությունը: Բայց ահա հախուռն ու հակասական կյանքով ապրած այս անձը ինչ «կտակ» է թողել իր հետնորդներին. «Ռուսաստանի մեջ մտցրեք ՈՒկրաինայի բոլոր ռուսախոս մարզերը՝ սկսած Խարկովից: Նազարբաևի մահից հետո Չինաստանի հետ կիսեք Ղազախստանը՝ նրա բաժանման մասին կնքելով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պես մի բան: Սակայն Չինաստանին ելք չթողնեք դեպի Կասպից ծով, նրան հանձնեք արևելքը»:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ